EN   RU   AM
Նվեր քարտ

Տեսարժան վայրեր Ջերմուկում


Ջերմուկը հայտնի է իր հանքային ջրերի ցուցասրահով՝ սյունազարդ գեղեցիկ մի շինությամբ, որտեղ խողովակներից քարե կարասների մեջ է հոսում տարբեր ջերմաստիճանների (30°C- ից 53°C) հանքային ջուր՝ յուրաքանչյուրը տարբեր բուժիչ հատկություններով: Տեսարանը հատկապես գեղեցիկ է մերձակա լճակի շնորհիվ, որի հայելային մակերեսն արտացոլում է ցուցասրահը և շրջակա անտառը:

Ջերմուկի իսկական գեղեցկությունը ջրվեժն է, որը ժողովրդի լեզվով կոչվում է «Ջրահարսի վարսեր»` թափվող երկար մազերի նմանության շնորհիվ: Ջուրը Արփա գետի կիրճն է գահավիժում մոտ 70 մետր բարձրությունից: Իշխանի գեղեցկուհի դստեր և նրա սիրելիի՝ հովվի որդու սիրո մասին մի գեղեցիկ, բայց տխուր լեգենդ կա, որը տեղացիները հաստատ կպատմեն ձեզ ջրվեժ այցելելու դեպքում:

Ջերմուկում գործում է Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը, որտեղ կան այնպիսի հայ նկարիչների նկարներ, ինչպիսիք են Հարություն Կալենցը, Մարտիրոս Սարյանը և այլք: Քաղաքն ունի նաև հանրային գրադարան, զբոսայգի և ակումբներ: Ջերմուկում կառուցվել է նաև նոր եկեղեցի:

Լավ լուր ակտիվ հանգստի սիրահարների համար. Ջերմուկը ունի նաև ճոպանուղի, որը հիմնադրվել է 2007 թվականին ավստրիական «Leitner» ընկերության կողմից և համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այն հնարավորություն է տալիս լեռնադահուկորդներին վայելել պրոֆեսիոնալ սահուղիները: Ճոպանուղու վերջին կանգառում հատուկ խաղահրապարակ է կառուցված սահնակների և ձյունագնացների համար:

 

Տեսարժան վայրեր շրջակայքում


Ջերմուկում գտնվելու ընթացքում կարող եք ուղևորություններ կատարել դեպի Վայոց Ձորի մարզի տեսարժան վայրեր: Մարզի տարածքում են գտնվում բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում` Արենիի քարանձավը` Հայաստանի ամենահարուստ հնագիտական վայրերից մեկը, որտեղ հայտնաբերվել են աշխարհի ամենահին կոշիկն և ամենահին գինու հնձանը։ Այստեղ են նաև Արենիի ժամանակակից գինու գործարանը, բազմաթիվ եկեղեցիներ և վանքեր, ինչպիսիք են Սուրբ Աստվածածինը (Արենի), Գնդեվանքը, Նորավանքը, Ցախաց Քարը, Սպիտակավորը, Սուրբ Խաչը:

Հարավ-արևելքում ՝ Սյունիքի մարզում, գտնվում են հոյակերտ Տաթևի վանքը, Շաքիի ջրվեժը և Զորաց քարերը (Քարահունջ), որն աշխարհի ամենահին աստղադիտարաններից է՝ Շոտլանդական Սթոունհենջի համարժեքը:

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են, որոնք ցույց են տալիս, թե որքան հարուստ է այս տարածաշրջանի մշակութային և պատմական ժառանգությունը: Այնպես որ, մենք անհամբեր սպասում ենք ձեզ այստեղ՝ այս ամբողջ գեղեցկությամբ ձեզ վրա երկարատև անջնջելի տպավորություն թողնելու ցանկությամբ:

Բարի գալուստ Ջերմուկ: